«Երեկ պաշտոնապես դիմել եմ գլխավոր դատախազին և ներկայացրել եմ բոլոր նյութերը, որ հասկանանք, թե ինչ է կատարվում»- լրագրողների հետ զրույցում հայտարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի իր պաշտոնական էլեկտրոնային հասցեն կոտրելու հանգամանքին։
«Այո, քիչ առաջ խոսում էի Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ։ ՄԻՊ-ի հետ էլ քննարկում ենք համատեղ խորհրդարանական լսում անցկացնելու հարցը՝ Հայաստանում ատելության խոսքի հետ կապված»։
Զոհրաբյանն ասաց՝ փորձելու են դաշտը կանոնակարգել օրենսդրորեն, ինչի հնարավորությունը դեռ հստակ չի տեսնում։
Պատգամավորի խոսքով՝ սոցիալական մեդիայում ատելության խոսքը ազգային անվտանգության լրջագույն խնդիր է։
«Այսօր պիտի արձանագրենք, որ ատելության խոսքը, գռեհկաբանությունը, հայհոյանքները վիրտուալ տիրույթից տեղափոխվել են իրական կյանք, ինչը լրջագույն վտանգներ է պարունակում, և դա պետք է կասեցվի»։
Զոհրաբյանն ասում է՝ այստեղ լրջագույն անելիք ունի իշխանությունը, քանի որ բոլոր ռեսուրսներն իշխանության ձեռքին են, և իրենք կարող են իսկապես գոնե փորձ անել՝ այս ամենը կասեցնելու։
Պատգամավորն ասում է՝ ուսումնասիրել է միջազգային փորձը և որևէ հաջողված օրինակ չի գտել՝ օրենսդրորեն դաշտը կարգավորելու վերաբերյալ։
«Ես չեմ հավատում, որ օրենսդրորեն մենք սա կարողանալու ենք կարգավորել այնպես, որ դա չդառնա Դամոկլյան սուր խոսքի ազատության սահմանափակման համար»։



