Չեմ առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պատգամավոր Հակոբ Արշակյանը:
«2021 թվականին «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր, այնուհետև ԱԺ փոխխոսնակ: Ես տեսել եմ, որ Հայաստանում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում և ինքս նորից ներգրավվել եմ քաղաքական պրոցեսների մեջ։ Այժմ ես տեսնում եմ, որ մենք անդառնալի կետում ենք գտնվում այն առումով, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատված է: Մեր ժողովուրդն իր որոշումներով և քվեարկություններով տեր է կանգնում դրան։ Ես տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմը ամբողջական և լուրջ կազմով ներկայացված է ցուցակում»,-նշել է նա:
Արշակյանը հավելել է, որ այժմ իր կարողություններն առավել արդյունավետ է գնահատում բիզնեսի զարգացման, Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման գործում:
«Ես տեսնում եմ, որ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ իմ կուտակած փորձով, գիտելիքով և ես չեմ ցանկանում ավելորդ համեստություն անել, ուզում եմ ասել, որ իսկապես տեսնում եմ՝ կարող եմ այդտեղ իմ պետությանը և ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել»,-եզրափակել է Հակոբ Արշակյանը։



