Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների որոշ առանցքային հարցեր պետք է որոշվեն նախագահների մակարդակով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Hurriyet-ին տված հարցազրույցում, գրում է rbc.ru-ն:
Նա նշել է, որ որոշ առանցքային հարցերի շուրջ երկու կողմերի դիրքորոշումների մերձեցում կա։
«Մասնավորապես, տեսնում ենք, որ առաջին չորս կետերի շուրջ նրանք գրեթե համաձայնության են եկել։ Որոշ հարցեր պետք է լուծվեն ղեկավարների մակարդակով»,- ասաց նախարարը։
Չավուշօղլուի հայտնած «առաջին չորս կետերը», ըստ աղբյուրի՝ հետևյալն են.
Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, նրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մերժում,
Ուկրաինայի ապառազմականացում և անվտանգության փոխադարձ երաշխիքներ,
Ուկրաինայի ապաազգայնականացում,
Ուկրաինայի տարածքում ռուսաց լեզվի օգտագործումը սահմանափակող օրենքների վերացում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ևս երկու կետ կա: Դրանք են՝
Դոնբասի հանրապետության կարգավիճակը,
Ղրիմի պատկանելիության հարցը:
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները շուտով կդադարեցվեն: Նրա կարծիքով՝ ոչ Պուտինը, ոչ էլ Զելենսկին դեմ չեն հանդիպմանը։
«Եթե պայմանավորվածություն լինի, անպայման կհանդիպեն»,- համոզված է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ չբացառելով, որ պետությունների ղեկավարների բանակցությունները կանցկացվեն Թուրքիայում։
«Մենք ուրախ կլինենք նրանց հյուրընկալել Թուրքիայում։ Բայց իրականում միայն կարևոր է, որ նրանք հանդիպեն՝ Թուրքիայում կամ այլուր»,- ընդգծել է նա։