Չարենցավանի եկեղեցու ներսում դաժանաբար մարդ ե...

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի եկեղեցիներից մեկում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքում գործող Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել և վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:  

Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները եկեղեցու ներսում և դրսում՝ տարբեր հատվածներում, հայտնաբերել են արնանման հետքեր: Մինչ տեղում աշխատում էին քննիչներն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները ենթադրյալ կասկածյալին տաք հետքերով հայտնաբերել ու տեղափոխել են ոստիկանության Չարենցավանի բաժին: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժավեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Սպանվածի սանիկը օրեր առաջ Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացել էր և այսօր նրա թաղման արարողությունն էր, իսկ կասկածյալը մտնելով եկեղեցի, հենց այնտեղ դանակի մի քանի հարվածներ է հասցնում ավտովթար հետևանքով մահացածի կնքահորը»: 

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռվել է քրեական վարույթ:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը: