«Չարակամները չափազանց շատ են». Պեսկովը հրաժար...

Իրանում պատերազմն արդեն հանգեցրել է ռուսական էներգակիրների՝ նավթի և գազի պահանջարկի աճին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հաղորդագրությունները, թե Դոնալդ Թրամփը ժամանակավորապես հանել է Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնման սահմանափակումները։

«Ռուսաստանը եղել և մնում է նավթի ու գազի՝ թե՛ խողովակաշարային, թե՛ հեղուկացված, հուսալի մատակարար»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ ընդգծելով, որ Մոսկվան իր գործընկերներին երաշխավորում է բոլոր պայմանագրային մատակարարումների մշտականությունը։

Պեսկովը հրաժարվել է հայտնել, թե նավթի ինչ ծավալ է պատրաստվում գնել Հնդկաստանը՝ օգտվելով Թրամփի թույլտվությունից, որը նախկինում առաջատար դիրքեր էր զբաղեցնում ռուսական նավթի գնորդների շարքում։

«Որևէ քանակական տվյալ չենք պատրաստվում ներկայացնել։ Չարակամները չափազանց շատ են»,- ասել է նա։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Հնդկաստանը և էներգապաշարների մյուս խոշոր գնորդը՝ Չինաստանը, առաջնորդվում են իրենց ազգային շահերով։ Ռուսաստանը շարունակում է համագործակցությունը նրանց հետ այս ոլորտում՝ Իրանում պատերազմով պայմանավորված պահանջարկի զգալի աճի ֆոնին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հնդկական ընկերություններին տվել է 30-օրյա թույլտվություն՝ գնելու ռուսական նավթ։