Ճապոնիայի վարչապետը մեղադրել է ոստիկանությանը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մեղադրել է ոստիկանությանը նախկին վարչապետ Սինձո Աբեին հավուր պատշաճի չպաշտպանելու մեջ, որը սպանվել էր անցած շաբաթ, տեղեկացրել է AP-ը։

Աբեն Ճապոնիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից էր, սպանվել է անցած ուրբաթ Ճապոնիայի արեւմուտքում։ Հրաձգությունը պատկերող լուսանկարներում եւ տեսանյութերում երեւում է, թե ինչպես է հրաձիգը կարողացել մոտենալ Աբեին թիկունքից այն ժամանակ, երբ թիկնապահները կենտրոնացած էին առջեւում։

«Ես կարծում եմ, որ խնդիրներ են եղել անվտանգության միջոցների հետ կապված»,- ասել է Կիսիդան։

Հանրային անվտանգության ազգային հանձնաժողովի եւ Ազգային ոստիկանական վարչության պաշտոնյաները հետաքննում են, թե ինչն այնպես չի եղել, եւ փորձելու են, ի պատասխան, միջոցներ ձեռնարկել, տեղեկացրել է նա։ «Ես կոչ եմ անում նրանց մանրազնին ստուգել եւ շտկել այն, ինչը պետք է շտկել, ինչպես նաեւ ուսումնասիրել օրինակներն այլ երկրներում»,- ասել է նա։