Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հրաժարական է տվել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (LDP) քաղաքական նվիրատվությունների հավաքագրման ժամանակ ֆինանսական հաշվետվությունների խախտումների հետ կապված սկանդալից հետո: Այդ մասին նա ինքն է հայտարարել մամուլի ասուլիսում։
«Ես վարչապետ [Ֆումիո] Կիսիդային տեղեկացրի, որ ցանկանում եմ հրաժարական տալ կառավարության գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ քաղաքականության [իրականացման] հետաձգումներ չառաջացնելու համար, և հրաժարական տվեցի», - ասել է նա։
Սկանդալն առնչվում է LDP-ի մի քանի խմբակցությունների, հիմնականում հանգուցյալ նախկին վարչապետ Սինձո Աբեի ամենամեծ ներկուսակցական խմբին, և արդեն իսկ պատճառ է դարձել, որ կառավարության վարկանիշը ռեկորդային ցածր՝ շուրջ 23%-ի հասնի, ինչը համարվում է «վտանգավոր մակարդակ»: Ավելի վաղ հրաժարականի դիմումներ էին ներկայացրել նաև Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յասուտոշի Նիշիմուրան, գյուղատնտեսության դեպարտամենտի ղեկավար Իչիրո Միաշիտան և վարչական գործերի նախարար Ջունջի Սուզուկին։
Բացի այդ, ըստ Մացունոյի, հինգ փոխնախարարներ, մեկ խորհրդարանական փոխնախարար և պաշտպանության նախարարի խորհրդականը հրաժարական են տվել։ Նրանք բոլորը Աբեի խմբակցության անդամներ են։
Բացի այդ, այս խմբակցության մեկ այլ կարկառուն անդամ՝ ԼԴԿ քաղաքական խորհրդի ղեկավար Կոիչի Հագիուդան ծրագրում է հրաժարական տալ։ Պաշտոնները կարող են կորցնել նաև խորհրդարանի վերին պալատի ԼԴԿ խմբակցության ղեկավար Հիրոսիգե Սեկոն և խորհրդարանի հետ փոխգործակցության ԼԴԿ հանձնաժողովի ղեկավար Ցույոշի Տակագին։