Ճապոնիայի գյուղատնտեսության նախարար Տակու Էտոն չորեքշաբթի օրը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ բացասական արձագանքի է արժանացել բրնձի գների կտրուկ աճից տառապող հանրությանը վիրավորած իր արտահայտության համար, և հարված է հասցրել առանց այն էլ ոչ ժողովրդականություն վայելող վարչապետ Սիգերու Իսիբային խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հաղորդում է Kyodo-ն։
Իսիբան, որն ի վերջո զիջել է ընդդիմության ճնշմանը և պաշտոնանկ արել Էտոյին, 44-ամյա Սինձիրո Կոիձումիին նշանակել է գյուղատնտեսության նոր նախարար՝ փոխարինելով շրջակա միջավայրի հարցերով հայտնի նախկին նախարարին, որը նախորդ տարի պարտվել էր Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահական մրցավազքում։
Ասելով. «Ես կընդունեմ ցանկացած քննադատություն», Իսիբան ընդունել է իր անձնական պատասխանատվությունը Էտոյին ընտրելու և նրան պաշտոնում թողնելու համար, չնայած այն բանին, որ նրա հայտարարության վերաբերյալ առարկություններ են եղել։
64-ամյա Էտոն հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետի գրասենյակում մի քանի ժամ առաջ, նախքան Իսիբան խորհրդարանում դեմ առ դեմ կհանդիպեր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ, որոնք միավորվել էին Էտոյի հրաժարականի պահանջով։
Ընդդիմադիր օրենսդիրները Էտոյի հեռանալը «չափազանց ուշացած» են անվանել։
Վերջին սկանդալը բորբոքվել է այն պահին, երբ Իսիբան այս ամառ պատրաստվում է Խորհրդականների պալատի ընտրություններին, որոնցում իշխող կոալիցիան պետք է հաղթանակ տանի այն բանից հետո, երբ անցյալ տարի կորցրել էր վերահսկողությունը ավելի ազդեցիկ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ։
«Ես ինքս ինձ հարցրի՝ արդյո՞ք տեղին է, որ ես մնամ (նախարարության) ղեկին բրնձի գների համար այս կրիտիկական պահին, և եկա այն եզրակացության, որ այդպես չէ», - հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո վարչապետի գրասենյակում լրագրողներին ասել է Էտոն։ - «Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում ժողովրդից որպես նախարար չափազանց անտեղի մեկնաբանության համար, երբ նրանք պայքարում են բրնձի գների կտրուկ աճի դեմ»։
Էտոն Իսիբայի կաբինետի անդամներից առաջինն է, որը պաշտոնը թողել է հոկտեմբերին կայացած համընդհանուր ընտրություններում խորհրդարանում տեղը կորցնելուց բացի այլ պատճառներով։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի կառավարությունում սկանդալ էր բորբոքվել օրերս գյուղատնտեսության նախարար Տակու Էտոյի՝ բրնձի մասին արտահայտության պատճառով։
Էտոն, որի պարտականությունների մեջ է մտնում նաև ճապոնական սննդակարգի հիմնական մթերքի՝ բրնձի գների աճի խնդրի լուծումը, պաշտոնական միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել էր, որ երբեք բրինձ չի գնել, քանի որ իրեն այն առանց այդ էլ շատ են նվիրում։
Արտահայտությունը հնչել է վերջին ամիսներին բրնձի գների աննախադեպ աճի ֆոնին՝ տարեկան կտրվածքով երկու անգամ։ Դրա դեմ պայքարելու համար կառավարությունը պատմության մեջ առաջին անգամ խաղաղ պայմաններում և առանց տարերային աղետների ստիպված է եղել սկսել պետական պաշարներից բրնձի վաճառքը։ Սկզբնապես միջոցառումը ժամանակավոր բնույթ էր կրում, բայց քանի որ բրնձի գների աճը շարունակվել է, կառավարությունը այն երկարաձգել է մինչև հուլիս։