Աճուրդներում օգտագործված մեքենաներ վաճառող ճապոնական ընկերությունները հայտարարել են, որ դադարեցնում են մեքենաների առաքումը ռուսական Հեռավոր Արեւելք։ Ինչպես տեղեկացնում է «ՖեդերալՊրես»-ը, ուրբաթ չեղարկվել են նախատեսված բոլոր առաքումները, այդ թվում նաեւ արդեն գնված մեքենաներինը։ Գալիք աճուրդներում օգտագործված մեքենաների ձեռքբերման հայտերի ընդունումը նույնպես դադարեցված է։
VL.ru պորտալի տվյալներով՝ դժվարություններ նկատվում են ոչ միայն Ճապոնիայից մեքենաների առաքման, այլեւ դրամական փոխանցումների կատարման հարցերում. դրանք կատարվում էին միայն դոլարով։ Փետրվարի 25-ի առավոտյան չեղարկվել է առնվազն մեկ բեռնանավի՝ Viking Coral-ի նավարկությունը դեպի Վլադիվոստոկ։ Ավելի ուշ հաջողվել է այն փոխարինել մեկ ուրիշով։ Տեղեկացվել էր նաեւ, որ շատ ընկերություններ իջեցնում են իրենց ավտոմեքենաները Ռուսաստան ուղեւորվող նավերից։