Ճապոնիան պետական պահուստներից նավթ կսկսի բաց թողնել հինգշաբթի օրը՝ մարտի 26-ին: Այս մասին հայտարարել է վարչապետ Սանաե Տակաիչին։
Մարտի 24-ին X-ում գրառման մեջ նա նշել է, որ այս քայլերը կօգնեն երաշխավորել, որ «բենզինի նման նավթամթերքների մատակարարումների հարցում ոչ մի ընդհատում չլինի»։
«Մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը, առաջնահերթ նշանակություն ունի միջազգային հանրության, այդ թվում՝ Ճապոնիայի համար, հատկապես կայուն էներգամատակարարման տեսանկյունից», - հավելել է նա։
Տակաիչին նաև հայտնել է, որ նավթ արտադրող մյուս երկրների կողմից պահուստների բաց թողումը նույնպես նախատեսվում է սկսել մարտին։
Ճապոնիան նաև մարտի 19-ից սկսել է սուբսիդիաներ տրամադրել՝ նավթամթերքների գները զսպելու համար։
Ճապոնական ԶԼՄ-ները նշում են, որ պետական պահուստներից նավթ բաց թողնելու մասին հայտարարվել է նախարարների նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվել են ճապոնական տնտեսության վրա Մերձավոր Արևելքում լարվածության ազդեցությունը մեղմելու ուղիները։
Հաղորդվում է, որ նավթի պետական պահուստները պետք է բավականացնեն մեկ ամիս։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների հետևանքով Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե ամբողջովին դադարել է՝ հանգեցնելով նավթի գնի կտրուկ աճի։



