Ճապոնիան իր համալսարաններում կընդունի այն ուս...

Ճապոնիան սկսել է երկրի համալսարաններում ժամանակավոր ուսման ընդունել, ինչպես նաև բնակարան տրամադրել այն ճապոնացի ուսանողներին, որոնք չեն կարողանա ուսումը Հարվարդում շարունակել ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա ուսանողների նկատմամբ սահմանափակող միջոցառումների պատճառով։ Այս մասին հաղորդել է EFE գործակալությունը։

«Ճապոնիայի կրթության, մշակույթի, գիտության, սպորտի և տեխնոլոգիաների նախարար Տոսիկո Աբեն մամուլի ասուլիսում հաստատել է, որ երկրի 90 համալսարաններ օգնություն են առաջարկել այն ճապոնացի ուսանողներին, որոնք տուժել են ԱՄՆ-ի վարչակազմի կողմից օտարերկրյա ուսանողների ընդունելությունը կասեցնելու և ուսանողական այցագրեր տրամադրելը դադարեցնելու որոշումից», - հաղորդում է գործակալությունը։

Օգնության ծրագրին մասնակցող համալսարանների թվում են ինչպես պետական՝ Տոկիոյի համալսարանը, Կիոտոյի համալսարանը, Տոկիոյի գիտությունների համալսարանը, այնպես էլ մասնավորները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախնական վեց ամիս ժամկետով կասեցրել է այն օտարերկրացիների մուտքը երկիր, որոնք փորձում են դառնալ Հարվարդի ուսանող կամ մասնակցել համալսարանի փոխանակման ծրագրերին։  

Միջազային ուսանողները կազմում են համալսարանի բոլոր սովորողների շուրջ մեկ քառորդը։ Նախագահի կարծիքով՝ այս տոկոսը չափազանց բարձր է և հակասում է այն ամերիկացիների շահերին, որոնք ցանկանում են սովորել հեղինակավոր հաստատությունում։