Երկուշաբթի օրը չինական ռազմական ինքնաթիռի կողմից Ճապոնիայի օդային տարածքի խախտումը սպառնում է երկրի անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայաշին։
«Չինական ռազմական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտումը ոչ միայն մեր ինքնիշխանության լուրջ խախտում է, այլև սպառնում է մեր անվտանգությանը։ Սա բացարձակապես անընդունելի է»,- ասել է նա՝ նշելով, որ Պեկինին բողոք է հայտնել դիվանագիտական ուղիներով։ Տոկիոն նաև պահանջել է միջոցներ ձեռնարկել ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար։
Հայաշին չի մեկնաբանել չինական կողմի հնարավոր նպատակները, սակայն նշել է, որ Ճապոնիայի կառավարությունն ուշադիր հետևում է Չինաստանի գործողություններին, որը, նրա խոսքով, «վերջին տարիներին մեծացնում է իր ռազմական ակտիվությունը Ճապոնիայի մոտ»։
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ օդային տարածքի խախտումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին՝ տեղական ժամանակով 11:29-ին։ Չինական Y-9 ինքնաթիռը լքել է Ճապոնիայի օդային տարածքը 2 րոպե անց։



