Ճապոնիան բողոք է հայտնել ՄԱԿ կոմիտեին գահաժառ...

Ճապոնիայի կառավարությունը վիրավորական է համարում, որ ՄԱԿ կանանց հանդեպ խտրականության վերացման կոմիտեն  խորհուրդ է տվել վերանայել կայսերական տան մասին օրենքը՝ ապահովելու համար գենդերային հավասարությունը գահաժառանգության հարցում, որը փոխանցվում է միայն արական գծով։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։

Հոկտեմբերի 29-ին ընդունված փաստաթղթում ՄԱԿ կոմիտեն Ճապոնիային խորհուրդ է տվել ուսումնասիրել այլ երկրների փորձը, որոնք վերանայել են իրենց օրենքները, եւ «մտցնել փոփոխություններ «Կայսերական տան մասին օրենքում», որպեսզի երաշխավորվի կանանց եւ տղամարդկանց հավասարությունը գահը ժառանգելիս»։ Ճապոնական պատվիրակությունը պնդել է, որ այդ հարցը չի մտնում կոմիտեի իրավասության մեջ։

Ներկայում Ճապոնիայի գահը փոխանցվում է միայն արական գծով։ Դրա հետ են կապված կայսերական տան ապագայի երկյուղները, քանի որ ներկա կայսր Նարուհիտոն միայն երեք պոտենցիալ ժառանգորդ ունի՝ կրտսեր եղբայր, 58-ամյա արքայազն Ակիսինոն, նրա որդին եւ կայսեր զարմիկը՝ 18-ամյա արքայազն Հիսահիտոն, ինչպես նաեւ Նարուհիտոյի հորեղբայր՝ 88-ամյա արքայազն Հիտատին։

Ճապոնիայի կառավարությունը մինչ այդ ստեղծել էր խորհրդատվական խմբեր, որոնք քննարկել են ելքը դժվար կացությունից։ Քննարկվել է կայսերական ընտանիքի կողմնակի ճյուղերի հարցը, կանանց որպես պոտենցիալ ժառանգորդ ներկայանալը, այսինքն՝ կայսրերի դուստերի որդիների, ինչպես նաեւ կանանց գահը ժառանգելու իրավունք շնորհելու հարցը։

Կնոջը գահը հանձնելու գաղափարին աջակցում են Ճապոնիայի բնակչության լայն շերտերը։ «Կիոդոյի» հարցմամբ, որն իրականացվել է ապրիլին, այդ գաղափարին աջակցում է բնակչության մոտ 90 տոկոսը։ Չնայած դրան, պահպանողական տրամադրություններ ունեցող իշխանությունները զգույշ են վերաբերվում այս թեմային եւ հետաձգում են դրա քննարկումը։