Ճապոնական կործանիչները կեղծ ջերմային թիրախներ են արձակել ՌԴ ռազմական ինքնաթիռի կողքին, որպեսզի նախազգուշացնեն նրան Ճապոնիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին։ Այս մասին սեպտեմբերի 23-ին տեղեկացրել են Kyodo-ն եւ The Wall Street Journal-ը։
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը երեք անգամ ներխուժել է երկրի տարածք սեպտեմբերի 23-ին, տեղի ժամանակով ժամը 13.00-ից մինչեւ 16.00-ն (Մոսկվայի ժամանակով ժամը 07-ից 10-ը)։ Ինքնաթիռը թռել է Ռեբուն կղզու մոտ Հոկայդոյի պրեֆեկտուրայում։
Ի պատասխան օդային տարածքի առաջին խախտման՝ Ճապոնիայի ռազմաօդային ուժերը օդ են բարձրացրել F-15 եւ F-35 կործանիչներ, իսկ երրորդ խախտան ժամանակ, ժամը մոտ 15.42-ին, կործանիչները կեղծ ջերմային թիրախներ են արձակել։
Ճապոնիայի պաշտպանության նախարար Մինորու Կիհարան հայտնել է, որ ՌՕՈւ-ն այդ գործողությունները ձեռնարկել է միայն այն բանից հետո, երբ նախազգուշացրել է «հակառակորդին»։ Նրա խոսքով՝ ինքնաթիռը առանձնակի վտանգավոր գործողություններ չի կատարել։
Ճապոնիան Ռուսաստանին «չափազանց խիստ բողոք» է հայտնել օդային տարածքի խախտման համար, ասել է Հայասին։ Նրա խոսքով՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հանձնարարել է կառավարական պաշտոնյաներին «խիստ եւ հանգիստ» արձագանքել պատահածին՝ սերտորեն համագործակցելով ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ։
Ռուսական ինքնաթիռը Ճապոնիայի օդային տարածքը խախտել է զորավարժությունների ֆոնին, որոնք ռուսական եւ չինական ռազմածովային ուժերն անցկացրել են Ճապոնական ծովում սեպտեմբերի 21-22-ի հանգստյան օրերին։
ՌԴ ՊՆ-ում Ճապոնիայի հայտարարությունը չեն մեկնաբանել։



