Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է այսօր ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին:
«Նախորդ տարի Արտաքին գործերի նախարարությունում առիթ ունեցել եմ ասելու, և հիմա էլ հարկ եմ համարում կրկնել, որ ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև նույնիսկ ինքներս մեզ համար երբեմն կորցնում ենք Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, իրավաքաղաքական նրբերանգների տրամաբանական շարադրանքի թելը: Եվ այս երևույթը հաճախ զգալի է միջազգային տարբեր հարթակներում Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ ունենալիս, ընդհուպ երբեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ վարելիս», - նշել է վարչապետը:
Փաշինյանը կարևոր է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, համատեքստի վերաբերյալ բազային տեղեկատվությունն անընդհատ թարմացնելը, այսպես ասած, ափդեյթի ենթարկելը:



