Մեր քաղաքականությունը լիովին պարզ է ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ նախկին ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ ապագայի հետ կապված։ Մենք առաջարկել ենք, որ երկու երկրներն էլ ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, սկսեն աշխատել սահմանազատման եւ հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, ինչպես նաեւ խաղաղության պայմանագիր ստորագրեն։ Այս մասին տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Խաղաղության պայմանագրի ստորագրումը, թեեւ 100 տոկոսանոց երաշխիք չէ, ամեն դեպքում զգալի չափով նվազագույնի է հասցնում պատերազմի վտանգը։ Թեեւ մենք պետք է նաեւ իմանանանք, որ ցանկացած հաշտության պայմանագիր Հայաստանի համար կարող է ընդամենը թղթի կտոր դառնալ։ Անկախ նրանից՝ կստորագրվի, թե ոչ, ինչպես ասացի, մենք պետք է անընդհատ մեծացնենք մեր ռազմական հզորությունը։ Իսկ հայկական կողմը դեռ տատանվում է։ Սա վկայում է այն մասին, որ պաշտոնական շրջանակներն այս հարցում դեռ իրենց կարծիքը չեն ձեւավորել։ Նրանք մի կողմից հասկանում են, որ խաղաղության պայմանագրի բացակայության եւ ուժեղ Ադրբեջանի առկայության դեպքում իրենք մտահոգություններ կունենան։ Մյուս կողմից, հասկանում են, որ եթե խաղաղ պայմանագիր է կնքվում, ապա այն պետք է անպայման դրույթ պարունակի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին, եւ իրենք պետք է պատրաստ լինեն դրան։ Ինչպես ասում են՝ երկու քարի արանքում են մնացել։ Բայց նրանք պետք է ընտրություն կատարեն, ճիշտ ընտրություն կատարեն։ Պարտադիր չէ, որ մեր բարեհաճ վերաբերմունքը հավերժ մնա, եւ այդ առաջարկները հավերժ սեղանին կմնան։ Եթե նրանք չեն ուզում ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը։ Մենք դրա համար հարյուրապատիկ ավելի շատ պատճառներ ունենք։ Որովհետեւ բոլորը, այդ թվում՝ համաշխարհային հանրությունը, քաջատեղյակ են, որ 1920 թվականի նոյեմբերին մեր պատմական հողը՝ Զանգեզուրը, անջատվել է մեզանից եւ միացվել է Հայաստանին։ Նույնպես եւ Գեյչան։ Էրիվան քաղաքը Հայաստանին է փոխանցվել 1918 թվականի մայիսի 29-ին։ Այսինքն՝ մենք, ինչպես ասում են, շատ գործոններ ունենք, որպեսզի չճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց, չնայած դրան, հանուն ապագա խաղաղության, հանուն երկրների հարաբերությունների կարգավորման, մենք պատրաստ ենք դրան։ Բայց ես չեմ կարող երաշխավորել, որ նույնը կլինի նաեւ վեց ամիս հետո։ Չեն ուզում, դե, թող չլինի։ Այդ ժամանակ կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Ալիեւը:
Անդրադառնալով ռուս խաղաղապահներին նա նշել է, որ ընդհանուր առմամբ Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաջադրանքը, թեեւ նրանց ներկայացնելու որոշ հիմնավորված պահանջներ կան։
«Ինձ թվում է, որ պետք է ավելի լայն պրիզմայով նայել խաղաղապահների գործունեությանը, եւ, իհարկե, այստեղ շատ նյարդայնացնող պահեր կան։ Բայց միեւնույն ժամանակ անարդար կլիներ չհիշատակել նրանց դրական գործառույթների մասին։ Այժմ նրանք կարեւոր առաջադրանք են կատարում։ Նրանք ուղեկցում են ինչպես մեր զինվորականների, այնպես էլ Քելբաջարի եւ Լաչինի շրջաններ բեռների ուղարկումն ու փոխադրումը, եւ սկզբունքորեն կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում խաղաղապահների գործունեությունը»,- ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ալիեւը։
Նա նշել է, որ անցյալ տարի ադրբեջանա-ռուսական հարաբերություններն ավելի ինտենսիվ են դարձել։ «Անցնող տարին շատ բան պարզեց, միեւնույն ժամանակ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ի հայտ եկավ նոր տարր, որը նախկինում չկար։ Ադրբեջանա-ռուսական հարաբերությունները միշտ էլ շատ դրական են եղել։ Բայց անցյալ տարի մեր հարաբերություններն ավելի դինամիկ դարձան, ավելի շատ շփումներ եղան տարբեր մակարդակներում, այդ թվում՝ նախագահների մակարդակով»,- ընդգծել է Ալիեւը։
Ալիեւի խոսքով, միաժամանակ «Բաքուն ռուսական կողմին բազմիցս պահանջներ է հայտնել ապօրինի այցերի մասին ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում»։
«Մենք մեկ անգամ չէ, որ պաշտոնապես մեր դժգոհությունն ենք հայտնել անօրինական այցերի կապակցությամբ։ Մեր պաշտպանության նախարարը մեկ անգամ չէ, որ նամակներ է հղել իր ռուս գործընկերոջը, ինչպես նաեւ դժգոհություն է հայտնել խաղաղապահ առաքելության ղեկավարից։ Նման քայլեր են ձեռնարկվել նաեւ Վալերի Պեկրեսի (Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ադրբեջանի Խանքենդի քաղաք) անօրինական այցի ժամանակ։ Մեզ պատասխանեցին, որ իրենք (խաղաղապահները), իբր, աչքաթող են արել, չեն իմացել, ասացին, որ Պեկրեսը սովորական մեքենայով է եկել եւ այլն։ Ես կասեմ այնպես, ինչպես կա՝ դժվար է դրան հավատալ: Այս այցը կազմակերպված էր, քանի որ Պեկրեսը չի կարողացել իր հետ տանել նրանց, ում ուզում էր, նրան ուղեկցել են սահմանափակ թվով մարդիկ։ Նրա հետ միասին եղել են Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը, եվրահանձնակատար Բարնյեն եւ եւս մեկ պատգամավոր։ Նրանք թաքուն գնացել են այնտեղ ու վերադարձել են, իսկ նրանց այցի մասին լուրը հայտնի է դարձել միայն վերադարձից հետո։ Նրանք հավանաբար վախեցել են, որ մենք իրենց կկալանավորենք Լաչինի միջանցքում»,- ընդգծել է Ալիեւը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը լիարժեք տեղեկատվություն ունի խաղաղապահների պատասխանատվության գոտի մտնող մարդկանց ու մեքենաների թվի մասին։ «Մենք գիտենք եւ՛ մեքենաների, եւ՛ մարդկանց թիվը, գիտենք, թե քանի մարդ է մտել կամ դուրս եկել։ Մեր տվյալներով՝ պատերազմի ժամանակ այս տարածքները լքած 38 000 մարդ հետ է վերադարձել, իսկ նրանցից 11 000-ն ընդմիշտ հեռացել է այս վայրերից։ Նշված տվյալներով՝ ներկայումս ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում բնակվում է 27 000 մարդ»,- ասել է նա։