ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ասել է, թե 2021 թվականին ընդունվել են երկու կարևոր՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքները, որոնցով պայմանավորված 2022 և 2023 թվականներին անձի ֆունկցիոնալության ներդրման համակարգին վերաբերող ևս 15 օրենք է փոփոխության ենթարկվել: Դրանք անհրաժեշտ էին առաջին մակարդակում նոր կարգավորումների գործարկման համար։
Հիմնական զեկուցողի խոսքով շրջանառվում են կից գերատեսչություններին վերաբերելի օրենքներ, և եզրութաբանական տեսանկյունից պատշաճ կիրառում ապահովվելու նպատակով կատարվում են վերոնշյալ փոփոխությունները, հասկացությունները ներդաշնակեցվում են:
Նախարարի տեղակալը պարզաբանել է, որ վերափորձաքննության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի վատթարացման պատճառով ֆունկցիոնալության գնահատման համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց՝ սպասարկում իրականացնող բնակչության բժշկական օգնություն տրամադրող առաջնային օղակ (պոլիկլինիկա կամ հիվանդանոց): Տաթևիկ Ստեփանյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է հատուկ համակարգ, որով անձի համապատասխան բժշկական հետազոտությունների հիման վրա համակարգն ինքնաշխատ եղանակով ուղեգրում է կատարում, և քաղաքացին որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չի ունենա:
Այնուհետև անձը կարող է մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (գործում է 49 նման կենտրոն)՝ հատուկ աշխատակիցների օգնությամբ լրացնելու դիմում: Քաղաքացիները կարող են նաև օնլայն եղանակով լրացնել վերոնշյալ դիմումը, որից հետո որոշակի ժամկետում գնահատման օրվա վերաբերյալ կստանան համապատասխան ծանուցում։



