
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:
Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի լվացում իրականացնող «Հելլա Սիստեմս» ՍՊԸ-ն տարածքում առկա մակերևութային ջրային ռեսուրսից 4 էլեկտրական պոմպի միջոցով կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։
Լոռու մարզի Գուգարք բնակավայրում քարամշակմամբ զբաղվող «Իգոր Սաքանյան Ալիկի» Ա/Ձ-ն արտադրամասի հարակից տարածքով հոսող մակերևութային ջրային ռեսուրսից իրականացրել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։
ԲԸՏՄ Արարատի և Լոռու տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։