
Գերմանիայի Քրիստոնեական-դեմոկրատական միություն և Քրիստոնեական-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցի՝ կանցլերի պաշտոնում ընտրության առաջին փորձի ձախողումից հետո նախատեսվում է Բունդեսթագում քվեարկության երկրորդ փուլ։ Deutsche Welle պարբերականը, վկայակոչելով տարբեր հաղորդագրություններ, նշում է, որ քվեարկության երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 6-ի երեկոյան։
Ըստ պարբերականի՝ կանաչները և ձախերն ավելի վաղ հայտարարել են, որ կհամաձայնեն երկրորդ փուլի անցկացման համար վերջնաժամկետի կրճատման և քվեարկության անցկացման մայիսի 7-ին։
Կրճատված վերջնաժամկետը հաստատելու համար հարկավոր կլինի ձայների երկու երրորդը, այսինքն՝ ինչպես պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ-ի և նրանց հետ կոալիցիա կազմած սոցիալ-դեմոկրատների, այնպես էլ ընդդիմադիր երկու կուսակցությունների ձայները։
Կանաչներն ասել են, որ համաձայն են դրան, սակայն հրաժարվում են իրենց աջակցությունը տալ Մերցին։
Մայիսի 6-ի երեկոյան քվեարկության երկրորդ փուլը նույնպես հնարավոր է, սակայն խորհրդարանական բոլոր խմբակցությունները պետք է հաստատեն դա։
Մերցը չի հաղթահարել Բունդեսթագում քվեարկության առաջին փուլը։ Մայիսի 6-ին կայացած գաղտնի քվեարկության ընթացքում նրա օգտին ձայն է տվել 310 պատգամավոր, ինչը 6 ձայնով պակաս է անհրաժեշտ 316-ից։ Բունդեսթագում կա 630 աթոռ։