
Բուխարեստը Կիևին տրամադրել է ավելի քան 20 խմբաքանակ ռազմական օգնություն։
Այս մասին Euronews România հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Յոնուց Մոշտիանուն։
Նրա խոսքով՝ տվյալները գաղտնի են, քանի որ համապատասխան որոշումը կայացրել է երկրի Պաշտպանության գերագույն խորհուրդը, որում ներգրավված են Ռումինիայի բարձրաստիճան ղեկավարները և ուժային գերատեսչությունների ղեկավարությունը։
«Ես անձամբ պաշտպանում եմ հրապարակայնությունը, ես այդ տվյալները կբացահայտեի վաղը, եթե կարողանայի»,-ասել է նա։
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է խորհրդում քննարկում անցկացնել և որոշում կայացնել կառավարության համապատասխան որոշումներից գաղտնիության գրիֆը հանելու մասին։
Մոշտիանուն ասել է, որ Ռումինիայի պաշտպանության շտաբի և Ուկրաինայի ռազմական իշխանությունների միջև շարունակվում է երկխոսությունը օգնության շուրջ, որի կարիքը Կիևն ունի, և որը կարող է տրամադրել Բուխարեստը։
«Մենք այնտեղ ուղարկել ենք այն, ինչ նրանց անհրաժեշտ էր և ինչ մենք ունեինք այստեղ՝ փամփուշտներից և սաղավարտներից մինչև տանկեր և Patriot հրթիռներ»,-հայտնել է նա։
Նրա խոսքով՝ Ռումինիան Եվրահանձնաժողովից որոշակի փոխհատուցում ստացել է և դեռ կստանա։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալն օգոստոսի 25-ին Կիևում իր ռումինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Բուխարեստը շուտով Ուկրաինային կփոխանցի ռազմական օգնության նոր խմբաքանակ, նշելով, որ սա կլինի 23-րդ խմբաքանակը, և որ երկու երկրները համագործակցում են հակաօդային պաշտպանության ոլորտում։