Հունգարիան Լեհաստանի նման երկրի չի վերածվի, թեև Բրյուսելում դավադրություն է կազմակերպվում՝ Հունգարիայի օրինական իշխանությունը տապալելու համար։ Այդ մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սոցցանցի X հարթակում։
«Կա բացահայտ դավադրություն Հունգարիայի դեմ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ: Նրանք խոստովանել են, որ իրենց նպատակն է փոխարինել Հունգարիայի կառավարությանը նոր գործադիր մարմնով, այնպես, ինչպես եղավ Լեհաստանում, մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա» - գրել է Օրբանը։
Նախկինում Օրբանը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովի և Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարությունը կցանկանար տապալել Հունգարիայի կառավարությունը և նշանակել իրենց վարձկաններին, ովքեր կկատարեն Բրյուսելի բոլոր պահանջները, ինչը կնշանակի Հունգարիայի ինքնիշխան քաղաքականության ավարտը։ Նրա խոսքով՝ Հունգարիան չի վախենում Բրյուսելի շանտաժից և պայքարելու է Եվրամիության խամաճիկը չդառնալու համար։