Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի...

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության մանդատի հնարավոր երկարաձգմանը:

Զախարովայի խոսքով՝  Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի տեղում հաստատի իր ներկայությունը և տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին:

«Դա նրանց երազանքն է»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ իրադարձությունների զարգացման հետ կապված կանխատեսումներ չեն անի: Ըստ նրա՝ գոյություն ունեն տարբեր, տրամագծորեն հակադիր տեսակետներ, այդ թվում՝ Անդրկովկասի պետությունների մոտ՝ կապված Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային գործոնի ուժեղացման հետ:

«Այդ հարցը պարբերաբար քննարկում ենք Բաքվի և Երևանի հետ: Եթե լինի Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին, ԵՄ առաքելության մանդատի երկարաձգման որոշում, մենք կմեկնաբանենք այդ զարգացումը»,- հայտնել է Զախարովան: