Բրիտանական Ռոթերհեմ քաղաքի ծայրահեղ աջ կազմակերպությունների ներկայացուցիչները հարձակվել են անգլիական Ռոթերհեմ քաղաքի Holiday Inn Express հյուրանոցի վրա, որից հետո հարձակվել են երկրորդ հյուրանոցի վրա, որոնք ենթադրաբար, տեղավորել էին միգրանտներ և ապաստան հայցողներ: Նրանք հրկիզել են դուռը, կոտրել պատուհանները և առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, հաղորդում է Sky News-ը ։
Մեծ Բրիտանիայում շարունակվում են միգրանտների դեմ բողոքի ցույցերը Սաութպորտի մանկական պարի ստուդիայի վրա հարձակումից հետո, որի ժամանակ երեք աղջիկ էր սպանվել։ Կիրակի կեսօրին ձերբակալվել էր ավելի քան 100 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Սաութպորտում, երբ դեռահասը դանակով հարձակվել էր մանկական պարի և յոգայի դասի մասնակիցների վրա։
Երեք երեխա սպանվել էր, ևս մի քանի երեխա և առնվազն երկու մեծահասակ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց։
Ոստիկանները բերման են ենթարկել 17-ամյա դեռահասի, նրան մեղադրանք է առաջադրվել երեք անձի սպանության, ևս տասի սպանության փորձի և սառը զենք պահելու համար։
Սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը չի կապում ահաբեկչության հետ։
Միջադեպից հետո Սաութպորտում, Լոնդոնում և այլ քաղաքներում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր, որոնք վերաճել են ոստիկանության հետ բախումների և անկարգությունների։ Պատճառը տեղեկությունների տարածումն էր, որ կասկածյալը փախստական է։
Ավելի ուշ Sky News-ը հայտնել է, որ հարձակվողը ծնունդով Ուելսից էր, ռուանդական ընտանիքից:
Ոստիկանությունը կարծում է, որ անկարգությունները կազմակերպվել են ծայրահեղ աջակողմյան Անգլիայի պաշտպանության լիգայի շարժման կողմնակիցների կողմից:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին ասել է, որ անկարգությունների մասնակիցների համար «ոչ մի արդարացում չկա և չի կարող լինել»։
Իր հերթին ազգին ուղղված իր ուղերձում վարչապետը նշել է, որ չի վախենում անկարգությունները անվանել ծայրահեղ աջ ավազակություն։
«Ես երաշխավորում եմ, որ դուք կզղջաք այս անկարգություններին մասնակցելու համար, ինչպես նրանք, ովքեր անմիջականորեն ներգրավված են, այնպես էլ նրանք, ովքեր սրում են իրավիճակը համացանցում։ Սա բողոքի ակցիա չէ, սա կազմակերպված, բռնի ավազակություն է», – ասել է Սթարմերը՝ ընդգծելով ներգրավվածներին անհապաղ պատժելու անհրաժեշտությունը ըստ օրենքի։



