Բրիտանիան սառեցրել է երկխոսությունը Վրաստանի...

Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են սառեցնել Ուորդրոփի երկխոսությունը Վրաստանի հետ նախարարների մակարդակով եւ չեղարկել բանակցությունները պաշտպանության ոլորտում, վրացական իշխանությունների գործողությունների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը։

«Վրաստանի իշխանությունների գործողությունների նշված պատճառներով առաջին անգամ 10 տարում մենք՝ բրիտանական կողմը, որոշել ենք սառեցնել ամենամյա Ուորդրոփի երկխոսությունը նախարարների միջեւ։ Նման բան տեղի է ունենում առաջին անգամ երկխոսության ձեւաչափի հաստատումից հետո։ Մենք նաեւ չեղարկել ենք բարձրամակարդակ բանակցությունները պաշտպանության շտաբների միջեւ եւ դադարեցրել ենք կիբեռանվտանգության նոր ծրագիրը»,- նշել է Ուորդը վրացական Ինտերպրեսնյուս լրատվական գործակալության հարցազրույցում։

Դեսպանի խոսքով՝ Վրաստանի հարաբերություններն ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ արեւմտյան մյուս գործընկերների հետ փչացրել են «Վրաստանի կառավարության քայլերը»։ Բրիտանիան, ինչպես նշել է դիվանագետը, անհանգստացել է Վրաստանի խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքով»։ Բրիտանական կողմը նաեւ հիասթափված է «դավադրության տեսության քարոզչությամբ» կառավարող «Վրացական երազանք» կուսակցության կողմից» եւ ցնցված է նրա նախընտրական խոստմւմից՝ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո արգելել ընդդիմադիր կուսալցությունները։

Միեւնույն ժամանակ, Ուորդը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո, անկախ այն բանից, թե ով կղեկավարի Վրաստանը, երկիրը կվերադառնա եվրատլանտյան ուղի եւ սերտ հարաբերությունները կվերականգնվեն։

Ուորդրոփի ռազմավարական երկխոսությունը Մեծ Բրիտանիայի եւ Վրաստանի միջեւ սկսվել է 2014թ.։ Նախարարների մակարդակով հանդիպումները իրականացվել են ամեն տարի եւ եղել են երկկողմ հարաբերությունների զարգացման գլխավոր պլատֆորմը։