Բրիտանիան և Գերմանիան ստորագրել են 1945 թվակա...

Մեծ Բրիտանիան և Գերմանիան ստորագրել են 1945 թվականից ի վեր ամենախոշոր համաձայնագիրը, որը ներառում է պաշտպանական համագործակցություն և երկու երկրի միջև ուղիղ երկաթգծային կապի գործարկման ծրագիր: Համաձայնագիրը ստորագրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, որն իր առաջին պաշտոնական այցն էր կատարում Մեծ Բրիտանիա։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, Լոնդոնի Հարավային Քենսինգթոնի Վիկտորյայի և Ալբերտի թանգարանում: Փաստաթուղթը, որը ստացել է «Քենսինգթոնի պայմանագիր» անվանումն, ընդգրկում է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ պաշտպանություն, միգրացիա, զբոսաշրջություն և կլիմա:

Ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը կարող է գործարկվել 10 տարվա ընթացքում: Երկաթուղային կապից բացի, երկրները համաձայնել են արդեն օգոստոսից բացել էլեկտրոնային սահմանային տերմինալներ հաճախակի ճանապարհորդողների համար։

Երկրները նաև ընդլայնում են համագործակցությունը պաշտպանության բնագավառում։ Ըստ Bloomberg-ի՝ կողմերը պայմանավորվել են փոխադարձ օգնությայն մասին՝ զինված հարձակման դեպքում։ 

Բացի այդ, երկու երկրները միասին կարտահանեն համատեղ արտադրված ռազմական տեխնիկան, այդ թվում՝ Boxer զրահամեքենաները և Typhoon կործանիչները։ Ինչպես նշված է Բրիտանիայի կառավարության կայքում տարածված հաղորդագրության մեջ, սա կհանգեցնի բրիտանական պաշտպանական արտահանման միլիարդավոր դոլարի աճի առաջիկա տարիներին։ Հաջորդ տասնամյակի ընթացքում երկրները պատրաստվում են ստեղծել բարձր ճշգրտությամբ խորը հարվածի նոր միջոց։ Նոր զենքը կունենա ավելի քան 2000 կմ հեռահարություն։

Երկրների միջև համաձայնագիրը ներառում է նաև ավելի խիստ օրենսդրություն մարդկանց անօրինական մաքսանենգությամբ զբաղվող խմբերի դեմ։