Բողոքներ ենք ստանում, թե Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործած մեր բեռնատարի վարորդները, երբ բեռներ են բարձում և դուրս են գալիս ԻԻՀ-ից, մեր վարորդների և տնտեսվարողների նկատմամբ կիրառվում է վարչարարություն, որը սահմանված չէ ո՛չ միջպետական պայմանագրերով, ոչ էլ Իրանի օրենսդրությամբ: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 2-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խոսքն ուղղելով ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին:
«Օրինակ՝ մեր բեռանատարը մտնում է այնտեղ, ստիպում են, որպեսզի վառելիքի շատ քիչ քանակությամբ մտնի իրենց տարածք, այնուհետև տարածքից դուրս գալիս ստիպում են, որպեսզի ամբողջ բաքերը լիցքավորվեն, և լիցքավորվում են 600 դրամով, այսինքն՝ ՀՀ-ից 50-100 դրամով թանկ դիզվառելիքով, որպեսզի թողնեն՝ սահմանից դուրս գա, մտնի Հայաստան»,- ասաց պատգամավորը:
Նախարարի տեղակալը պատասխանեց՝ Իրան մուտք գործելու և ելք անելու վերաբերյալ որոշակի խնդիրների մասին պարբերաբար լսում են, և որ այդ խնդիրների մասով իրանցի գործընկերների հետ փորձում են լուծումներ գտնել:
«Բայց պետք է հաշվի առնել, որ ԻԻՀ-ում իրենց փոխադրողների համար դիզելային վառելիքը սուբսիդավորվող է և մի քանի անգամ ավելի էժան է, քան շուկայական արժեքը: Դա պատճառներից մեկն է, երբ ԻԻՀ-ի տարածքով փոխադրում իրականացնելիս իրենք պետք է վճարեն այդ տարբերության գումարը, և կկարողանան Իրանի ներսում այդ նույն գնով, որով ներքին փոխադրողներն են լիցքավորում, տվյալ վառելիքը լիցքավորել:
Ինչ վերաբերում է ելքին, ապա նշեմ, որ եթե միջպետական փոխադրում է իրականացվում, ապա, որքանով մեզ հայտնի է, և ինչքանով հավաստիացրել են մեր իրանցի գործընկերները, դա նաև իրենց փոխադրողներին է վերաբերում: Երբ նրանք դուրս են գալիս, այդ նույն վառելիքն իրենք էլ են լիցքավորում»,- ասաց նա:
Պատգամավորը նկատեց՝ իրականում նման իրավակարգավորում չկա, նաև ընդգծեց, որ վարորդները ոչ մրցակցային պայմաններում են:
Նախարարի տեղակալը կրկին ընդգծեց՝ հարևան երկրի գործընկերների հետ բոլոր հարցերը քննարկվում են, և փորձում են համապատասխան լուծումներ գտնել, որոնք չեն խանգարի թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի փոխադրողներին՝ սահուն կերպով իրականացնելու միջպետական բեռնափոխադրումներ:



