Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդ...

Բոսնիա և Հերցեգովինայի հարավում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումներից և սողանքներից առնվազն 14 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Փրկարար ծառայության տվյալներով՝ մի քանի մարդ անհետ կորած է։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Վատ եղանակը վնասել է ճանապարհներն ու երկաթուղիները, անջատվել է բջջային կապը, թեև ֆիքսված հեռախոսները դեռ աշխատում են։ Յաբլանիցա և Կիսելյակ քաղաքների բնակիչները մնացել են առանց էլեկտրականության։

Սարաևոն Ադրիատիկ ծովի ափին կապող Յաբլանիցա քաղաքով անցնող գլխավոր ճանապարհներն ավերվել են սողանքների պատճառով։ Ջրի հոսքը քշել-տարել է մեքենաներն ու ընտանի կենդանիներին։

Իշխանությունները կոչ են արել բնակիչներին տեղափոխվել շենքերի վերին հարկեր՝ ջրհեղեղներից խուսափելու համար:

Անձրևներ և ուժեղ քամիներ են նաև հարևան Խորվաթիայում և Չեռնոգորիայում։ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում գետը դուրս է եկել ափերից, մի քանի ճանապարհներ փակվել են։ Չեռնոգորիայում հորդառատ անձրևների պատճառով մի քանի գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից։