Բոլիվիայում գործ են հարուցել ահաբեկչության մե...

Բոլիվիայի դատախազությունն ընդունել է նախկին նախագահ Էվո Մորալեսի դեմ երկրի կառավարության կողմից ներկայացված բողոքը, որում նա մեղադրվում է ահաբեկչության մեջ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Ռոխեր Մարիական:

«Գլխավոր դատախազությունը, օբյեկտիվության և անկախության սկզբունքներին համապատասխան, որոշել է ընդունել արդարադատության նախարարության կողմից ներկայացված այս հայտարարությունը՝ մի քանի հանցագործությունների փաստով», - ասել է նա:

Ավելի վաղ Բոլիվիայի արդարադատության և ինստիտուցիոնալ թափանցիկության նախարար Սեսար Սիլեսը հայտնել էր, որ կառավարությունը նախկին նախագահի դեմ բողոք է ներկայացրել դատախազություն, որում նրան մեղադրել է ահաբեկչության, հանցագործությունների կատարման հրապարակային հրահրման, տրանսպորտային անվտանգության նկատմամբ ոտնձգության, դատարանի որոշումներին չենթարկվելու, պետական ​​սեփականության ոչնչացման և ընտրական գործընթացին խոչընդոտելու մեջ: Մեղադրանքները կապված են Մորալեսի կողմնակիցների գործողությունների հետ, որոնք արդեն մի քանի օր է՝ արգելափակում են Կոչաբամբա դեպարտամենտի ճանապարհները՝ սպառնալիքի տակ դնելով տարածաշրջանի մատակարարումը: Բախումների հետևանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել: 

Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն անցյալ շաբաթ Մորալեսին մեղադրել էր այն բանում, որ նա ուժով փորձում է հասնել պետության ղեկավարի ընտրություններին մասնակցելուն և մերժվելու դեպքում պատրաստ է փորձել խափանել ընտրությունները։ 

Մորալեսն աջակցել է Արսեին 2020 թ. հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններում։ Սակայն հետագայում քաղաքական գործիչների միջև տարաձայնություններ են առաջացել, այդ թվում՝ այն հարցի շուրջ, թե ով պետք է նախագահի թեկնածու դառնա «Շարժում դեպի սոցիալիզմ» իշխող կուսակցությունից։ Արդյունքում օգոստոսի 17-ին կայանալիք ընտրություններում կուսակցությունը պատրաստվում է առաջադրել ներքին գործերի նախկին նախարար Կառլոս Էդուարդո դել Կաստիլիոյին։