Եթե հենց այս պահին դուրս գանք փողոց Հայաստանի ցանկացած քաղաքում և առաջին տասը պատահածին հարցնենք, թե ի՞նչ են մտածում հանքարդյունաբերության մասին, ամենայն հավանականությամբ, տասից ութը կասեն, որ հանքերը պետք է փակել, Ամուլսարը պետք է մնա սար կամ Քաջարանը փոշու մշուշով պատած քաղաք է։
Ո՞րոնք են նման կարծիքների պատճառները։ Վերջին 10-15 տարիներին տեղական լրահոսին հետևած մարդը, իհարկե, կարդացած կլինի բնապահպանական շարժումների մասին, որոնք ավետում էին բոլորիս «ապոկալիպտիկ» հետևանքներ հանքերի հարակից ազդակիր համայնքներին, եթե տվյալ հանքը շահագործվի կամ եթե շուտափույթ չփակվի։ Նրանց «մտահոգությունները» հիմնականում հիմնված էին հետազոտությունների վրա, որի սկզբնաղբյուրները մինչև հիմա փնտրվում են․․․Վերջին նման «հետազոտություն» կատարել էր չեխական «Առնիկա» ՀԿ-ի փորձագետները, որի ծագումնաբանությունը խիստ մշուշոտ է և անհասկանալի։
Նման մանիպուլյացիաների տարածմանը նպաստում է նաև այն, որ իրենց ասածները ստուգելու համար հասարակ քաղաքացին հաստատ չի հասնի, օրինակ, Քաջարան, որ տեսնի, թե արդյոք քաղաքը փոշու մեջ է, իսկ գուցե այնտեղ վիճակը շատ ավելի բարվոք է, քան մայրաքաղաքում։ Պետք չէ գիտնական լինել, ասելու համար, թե մեզ շրջակա միջավայրը աղտոտող հանքեր պետք չեն, բայց աշխարհում այսօր բազմաթիվ են օրինակները, երբ հանքարդյունաբերությունը կազմակերպվում է շրջակա միջավայրը մաքուր պահելու տեխնոլոգիական բոլոր չափանիշներին համապատասխան։
Մինչդեռ նրա արդյունքում, որ մեզ մոտ երբեք չեն խոսել հանքարդյունաբերույթյան որակի խնդիրներից, այլ հարցը դրել են՝ «փակել», «արգելել» մակարդակում, լավ հանքարդյունաբերույթուն ունենալու փոխարեն ստացել ենք, օրինակ, ապօրինի ձևով տապալված ներդրումներ։ Ամուլսարում 2018թ․-ին արդեն ըստ ընկերության՝ իրականացվել էր 350 միլիոն դոլարի ներդրում։ Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ սկզբնական տարիներին արտադրանքի ծավալները կազմելու էին մոտավորապես 250 միլիոն դոլար, ինչը նշանակում էր, որ պետության ՀՆԱ-ի վրա ուղղակի ազդեցությունը լինելու էր 1 տոկոս, իսկ անուղղակին՝ 1,4 տոկոսի միջակայքում: Բացվելու էր մոտ 750 աշխատեղ։ Իսկ հարկային մուտքեր տարեկան կկազմեին մոտ 45-50 միլիոն դոլար, որի մեծ մասը լինելու էր ռոյալթիի և շահութահարկի տեքսով։ Մասնագետներց շատերը պնդում էին, որ այն վստահաբար լինելու էր Հայաստանում հանքարդյունաբերական նոր մշակույթ ձևավորող կազմակերպություն՝ հատկապես բնապահպանական առումով։
Իսկ այս ամենի փոխարեն մենք հիմա ունենք այն փաստը, որ ընթացիկ տարվա հունվարի վերջին միջնորդ դատարանի մշտական պալատը հայկական կողմին տեղեկացրել է ընդդեմ ՀՀ կառավարության «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցի մասին, որի ֆինանսական վնասների չափերը մեր պետական բյուջեի, մասնավորապես՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի համար, պարզ կդառնան ապագայում։
Ամուլսարի ծրագիրը «բարեհաջող» տապալելուց հետո հայ բնապահպանները նետերն ուղղեցին դեպի մյուս հանքավայրերը, և մի կողմ թողնելով շրջակա միջավայրի պահպանությանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերն ու ներդրումները, շարունակում են ներկայացնել գոյություն չունեցող պրոբլեմներ, ասենք, օրինակ կարող են տարածել, թե «պայթել է հանքարդյունաբերական ահռելի պոչամբարը», ինչը, բարեբախտաբար կամ բնականաբար, տեղի չի ունեցել։
Վերջերս Երևանում կայացած «Կայուն զարգացում և ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրով «Robust Armenia» կոնֆերանսին ավստրասլացի հայտնի հասարակական գործիչ, բնապահպան Ջոն Դին նշեց, որ Ավստրալիայում կան բազմաթիվ հանքարդյունաբերող ընկերություններ, որոնք շատ բարձր մակարդակով պահպանում են ԲՍԿ չափանիշները։ Նա շեշտեց, որ առանց հանքարդյունաբերության անհնար է «կանաչ» տեխնոլոգիաների առաջընթացը, և իր կարծիքով՝ Հայաստանը նույնպես կարող է դառնալ բարձր մակարդակի հանքարդյունաբերություն ունեցող երկիր, եթե պատշաճ ուշադրություն դարձվի ԲՍԿ չափանիշներին։ Ջոն Դինն էլ է բնապահպան, բայց սա այն դեպքն է, երբ խոսում է բնապահպան-մասնագետը, ոչ թե բնապահպան-ակտիվիստը, ինչը պետք է միշտ հստակ տարբերակել։
Հետո էլ զարմանում են, թե ինչու՞ իրենց խոսքերի կամ ավելի ճիշտ կլինի ասել ապատեղեկատվության համար հանքարդյունաբերող ընկերությունները դիմում են դատական ատյաններին։ հենց այս՝ դատական կամ այն ատյաններում չհերքված ապատեղեկատվության պատճառով է, որ այսօր կանգնած ենք Ամուլսարի հարցով միլիարդավոր դոլարների հնարավոր դատական հատուցման վտանգի առաջ։ Մինչդեռ մինչև այդ քայլին դիմելը նույն այդ ընկերությունները բազմիցս առաջարկել և հիմա էլ առաջարկում են՝ բնապահպանական բանավեճը տեղափոխել կառուցողական դաշտ, որը կնպաստի հանքարդյունաբերության որակական առաջընթացին, այդ թվում՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) չափանիշների կատարելագործմանը, ինչից կշահենք բոլորս:



