Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օնչու Քեչելին X սոցցանցի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Քեչելիի խոսքով՝ ամերիկյան կողմի խնդրանքով քննարկվել են հրադադարի մասին վերջին բանակցությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման եւ Իսրայելի միջեւ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Մերձավոր Արեւելք։ Նա Իսրայելին եւ ՀԱՄԱՍ-ին կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել հաջորդ բանակցություններում, որոնք հավանաբար տեղի են ունենալու առաջիկա օրերին Կահիրեում։
ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ Իսրայելը համաձայել է միջնորդ երկրների առաջարկած պլանին իսրայելական զորքերը Գազայի հատվածից դուրս բերելու մասին։



