
ԱՄՆ-ն անհանգստացած է վիճելի Հարավչինական ծովում Չինաստանի «ավելի վտանգավոր և անօրինական» գործողություններով, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) ղեկավարներին ամենամյա գագաթնաժողովի ժամանակ և վստահեցրել, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել նավարկության ազատությանը կենսական կարևոր ծովային առևտրային ճանապարհով: Այս մասին հայտնում է Associated Press-ը։
«Մենք շատ անհանգստացած ենք Հարավչինական ծովում Չինաստանի ավելի ու ավելի վտանգավոր և անօրինական գործողություններով, որոնք վնասում են մարդկանց, ASEAN նավերին և հակասում են վեճերի խաղաղ կարգավորման պարտավորություններին», - ասաց Բլինկենը, ով ներկայացնում է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում ASEAN-ԱՄՆ գագաթնաժողովում: «Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել նավարկության և թռիչքների ազատությանը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում», - ընդգծել է նա:
ԱՄՆ-ը մնում է տարածաշրջանում ամենամեծ օտարերկրյա ներդրողը և հավատարիմ է ASEAN-ի հետ իր գործընկերության ամրապնդմանը, ասել է Բլինկենը: