Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը առաջարկել են նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնել ու դարձնել 63000 ՀՀ դրամ դրամ`55000 ՀՀ դրամի փոխարեն: Կառավարության բացասական եզրակացության հիմնավորման մի հատվածում ասվում է` քանի որ աղքատության գծից վերև գտնվողներն, ըստ էության, ինքնաբավ, լրացուցիչ եկամուտներն առավելապես կուղղվի ոչ թե ծախսերի ավելացմանը, այլ` կուտակմանը: Այսինքն, ըստ սույն հիմնավորման, 55000 ՀՀ դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ կարող են այդ աշխատավարձից նաև կուտակումեր անել:
Այս առաջարկի և դրա իրագործման արդյունքում հնարավոր տնտեսական տեղաշարժների մասին Politik.am-ը մեկնաբանություն ստացավ տնտեսագետ Կարեն Ադոնցից:
Տնտեսագետի փոխանցմամբ` այս պահին դժվար է ասել, թե դա ի՞նչ արդյունք կունենա, քանի որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կապված է տուքերի ու տնտեսվարողների հետ.
«Սա ավելի շատ կապ ունի հարկերի վճարման և գրանցված աշխատողների աշխատավարձեր բարձրացման հետ: Հիմնականում կարող են բյուջետային խնդիրներ առաջանալ, քանի որ այդ գումարով հարկեր պետք է վճարվեն: Եթե կա տնտեսություն, որի աշխատողը գրանցված է 55 հազար դրամ աշխատավարձով, հիմա տնտեսվարողը ստիպված է լինելու ցույց տալ, որ նվազագույն աշխատավարձը բարձրացել է և նույն աշխատողը ստանում է 63 հազար դրամ: Այդ գումարից տնտեսվարողը պետք է համապատասխան հարկ վճարի, ինչը նրա համար բեռ է»:
Դիտարկմանը, թե նզազագույն աշխատավարձի բարձրացումը նպաստելու է բյուջեի աճին, Կարեն Ադոնցը պատասխանեց.
«Կարելի է ասել, որ բյուջետային մուտքերը դրանով կավելանան, բայց մյուս կողմից մենք չգիտենք, ենթադրենք առողջապահության կամ կրթության ոլորտում կա՞ն մարդիկ, որոնք նզազագույնի չափով են աշխատավարձ ստանում: Եթե այո, ապա դա բյուջեի ավելացման կբերի»:
Տնտեսագետը ամփոփեց` սա զուտ բյուջետային հաշվարկ է, բայց այդ դեպքում` նվազագույնի չափով վարձատրվող աշխատողներ ունեցող տնտեսվարողի բիզնեսը, իհարկե, կտուժի:



