Բիշքեկում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հա...

2024թ․ հոկտեմբերի 29-ին Բիշքեկում կայացել է Ղրղզստանում համատեղության կարգով (նստավայրը՝ Աստանա) Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղրղզստանի տրանսպորտի և կոմունիկացիաների նախարար Աբսատտար Սիրգաբաևի հետ։

ՀՀ ու ՂրՀ միջև տրանսպորտի ոլորտում փոխգործակցության զարգացման՝ երկու երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալի աճի և տարանցիկ ներուժի ավելացման շեշտադրմամբ, դիտարկվել է նոր փոխշահավետ, այդ թվում՝ մուլտիմոդալ տրանսպորտային կապուղիների վերհանմանը միտված քայլերի և գործողությունների հերթականությունը։

Դեսպան Ա․Ղևոնդյանը հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով պաշտոնական Երևանի կողմից ձեռնարկվող քայլերը։ Իր հերթին՝ նախարար Ա․Սիրգաբաևը տեղեկացրել է Ղրղզստանի կառավարության՝ նոր կապուղիների շինարարության և դիվերսիֆիկացման ծրագրերի մասին, որոնք կարող են ընդլայնել փոխկապակցվածությունն ինչպես բուն Կենտրոնական Ասիայում, այնպես էլ ավելի լայն համատեքստում։

Հանդիպման արդյունքներով վերահաստատվել է պատրաստակամությունն առ սերտ երկխոսություն՝ միտված տնտեսական փոխգործակցության կտրվածքով պահանջարկ վայելող հեռանկարային երթուղիների մասով առաջարկների մշակմանը և հետագա իրագործմանը։