Բեյրութում Հնդկաստանի դեսպանատունը հորդորում է Հնդկաստանի քաղաքացիներին խուսափել Լիբանան մեկնելուց՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության X-ում արված հայտարարության մեջ։
«Տարածաշրջանում իրավիճակի վերջին սրման պատճառով Հնդկաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Լիբանան մեկնելուց, քանի դեռ հրատապ անհրաժեշտություն չկա: Լիբանանում գտնվող Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգույշ լինել, սահմանափակել տեղաշարժերը և կապ պահպանել Հնդկաստանի դեսպանատան հետ Բեյրութում»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։
Հուլիսի 30-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները չորս հրթիռ են արձակել Բեյրութի հարավային Դահիյա արվարձանի ուղղությամբ, որը ծառայում է որպես «Հեզբոլլահի» հենակետ: Այն թաղամասում, որտեղ ընկել են հրթիռները, ավերվել է քառահարկ շենք, վնասվել են հարևան շենքերն ու կայանված մեքենաները։ Մահացել է երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա՝ չորս և վեց տարեկան։



