
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը երկու-երեք ամսից կդադարի, եթե եվրոպական երկրները երկրորդային պատժամիջոցներ սահմանեն Ռուսաստանից նավթ գնող պետությունների նկատմամբ։ Այս մասին պաշտոնյան ասել է Bloomberg և Reuters գործակալություններին տված հարցազրույցում։
Բեսենթը քննադատել է եվրոպական երկրներին, որոնք դեռ ռուսական նավթ են գնում։
«Ես երաշխավորում եմ ձեզ, որ եթե Եվրոպան էական երկրորդային պատժամիջոցներ սահմանի ռուսական նավթ գնողների նկատմամբ, ապա հակամարտությունը 60 կամ 90 օրից կավարտվի», - Բեսենթի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Նա նշել է, որ այդ պատժամիջոցների շնորհիվ Մոսկվան կզրկվի իր եկամտի հիմնական աղբյուրից։
Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին, բայց պայմանով, որ Եվրոպան առաջինը խստացնի իր սահմանափակումները ՌԴ-ի նկատմամբ, քանի որ, նրա խոսքով, անհանդուրժելի է, որ Վաշինգտոնը գործի Մոսկվայի դեմ «ամբողջ ուժով», իսկ եվրոպական երկրները շարունակեն գնել ռուսական նավթ։ Նա ԱՄՆ-ի կողմից հակառուսական սահմանափակումների կիրառման ևս մեկ պայման է նշել ՆԱՏՕ-ի բոլոր երկրների կողմից ռուսական նավթի գնումների դադարեցումը և նրանց կողմից 50-100%-ի չափով ներմուծման մաքսատուրքերի սահմանումը Չինաստանի նկատմամբ:
Հնդկաստանի նկատմամբ արդեն իսկ գործում են ամերիկյան բարձր մաքսատուրքեր՝ ռուսական նավթի գնման պատճառով։