Կոնկրետ գործողություններ են կատարվում փողոցում քայլող մարդկանց անվտանգությունը և պաշտպանվածության զգացումը խաթարելու համար: Սա հանրային անվտանգության խնդիր է, և այս հարցին մոտենալ միայն քրեական օրենսգրքի մեկ հոդվածի շրջանակում, ես կարծում եմ՝ այնքան էլ արդարացված չէ: Եթե կա անհրաժեշտություն, ես կարծում եմ, որ պետք է օրենսդրական փոփոխություններ կատարել և բռնության ու ատելության քարոզը խիստ հակազդեցության արժանացնել: Կառավարության նիստում այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հանձնարարականներ է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կապ չունի` բռնության քարոզն իրականացնողները հանդես են գալիս որպես իշխանության համակի՞ր, թե՞ որպես ընդդիմության համակիր: Հաջորդ անգամ բռնության քարոզի համար բերանը բացելուց առաջ, խոսքը սուր քննադատության մասին չէ, բռնության բառապաշարի համար պետք է 10 անգամ մտածեն: 10 անգամ մտածելուց հետո, եթե, այնուամենայնիվ, գնան նման գործողությունների, պետք է 10 անգամ հակահարված ստանամ, և այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, պետք է լինի երկաթյա»,- ասել է Փաշինյանը:



