Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահա...

Բաքվում ընթացող COP 29-ի առիթով Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի, Վալոնիայի և Բրյուսելի խորհրդարանների 20 անդամներ դիմել են Ադրբեջանի կառավարությանը և COP 29-ին մասնակից Բելգիայի կառավարության պատվիրակությանը` երեք հիմնական պահանջներով. Ազատություն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն և ադրբեջանական ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետությունյան օկուպացված տարածքից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ցանկացած ագրեսիայի զսպում։

Հայտարարությունը ստորագրվել է Բելգիայի հիմնական քաղաքական կուսակցությունների կողմից՝  MR, Les Engagés, DéFI, N-VA, CD&V, Vooruit և Groen։ Առաջին երեքի դեպքում հայտարարությունը ստորագրել են անձամբ կուսակցությունների ղեկավարները։

Բելգիացի քաղաքական գործիչները նախ շեշտում են, որ իբրև COP 29-ը ընդունող երկիր՝ Ադրբեջանը պարտավոր է շոշափելի հավատարմություն ցուցաբերել մարդու իրավունքների, մարդու արժանապատվության և արդարության հիմնարար սկզբունքներին։ Այնուհետև նրանք նշում են իրենց պահանջները՝ հիշեցնելով 2020 թվականի դեկտեմբերի 16-ից հետո Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի և Վալոնիայի խորհրդարանների կողմից ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձևերը։

Այդ, ինչպես նաև 2021 թվականի մայիսից և 2024 թվականի հոկտեմբերից հետո Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւերին համահունչ՝ բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում.

· Անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և գերիներին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

·Ապահովել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության՝ ներառյալ վանքերի խաչքարերի անձեռնմխելիությունը։ Զերծ մնալ դրանց ալբանացումից, ինչպես նաև պատմական վերանայումներից։

· Զերծ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետությունում օկուպացված տարածքներից։

Բացի այդ, համահեղինակները Բելգիայի կառավարության պատվիրակությանը կոչ են անում COP 29-ին մասնակցության ընթացքում գործել վերը նշված խորհրդարանական բանաձևերի ոգուն համահունչ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունել է այս նախաձեռնությունը՝ նշելով. «Մենք երախտապարտ ենք հայտարարության համահեղինակներին, որոնց թվում են խոշոր քաղաքական կուսակցությունների նախագահները, բարձրաստիճան խորհրդարանականները և օրենսդիր մարմնի բոլոր մակարդակների ներկայացուցիչներ։ Անհրաժեշտ է ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ մղելու նրանց հարգել միջազգային նորմերը և գործել դրանց համապատասխան։ Այս հայտարարությունը ընդգծում է այդ անհրաժեշտությունը և հստակ ուղերձ է, որին COP29-ին մասնակից բելգիական պատվիրակությունը պետք է հավատարիմ մնա։  ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը կշարունակի իր հավատարմությունը արդարությանն ու խաղաղության հաստատմանը և միշտ կձգտի ընդգծել այդ նպատակներին հասնելու համար բովանդակալից և անմիջական գործողությունների անհրաժեշտությունը»: