Բելառուսի Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել արտերկրում գտնվող 45 անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են իշխանության զավթման նպատակով դավադրություն կազմելու և ծայրահեղական կազմավորման ստեղծման կամ դրան մասնակցության մեջ։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
«Արմատական խմբակցության ներկայացուցիչները հայտարարել են «Պլատֆորմ -2025» նոր նախաձեռնության մասին: Հանցավոր ծրագիրը ենթադրում է ծայրահեղականների համախմբում Բելառուսի Հանրապետությունում նախընտրական քարոզարշավի ժամանակ գործողությունների համակարգման համար (խմբ.՝ խոսքը 2025 թվականի նախագահական ընտրությունների մասին է)», - նշել են գերատեսչությունում:
Բելառուսի քննչական կոմիտեի պնդմամբ՝ «Պլատֆորմ - 2025» խմբակցության նպատակներն են «ոտնձգությունը սահմանադրական կարգի դեմ, արտաքին միջամտությունը ներքին գործերին, քաղաքական ուղեգծի պարտադրումը, որը հակասում է մեր երկրի ազգային շահերին, ապակառուցողական տեղեկատվական ներգործությունը, ընտրարշավի վարկաբեկումը կամ խափանումը, հասարակության մեջ լարվածության և առճակատման բորբոքումը»:



