Բելառուսի հանդեպ ճնշումը կմեծանա․ ինչպես պետք...

Միացյալ Նահանգներն ամենայն հավանականությամբ առաջիկայում նոր սանկցիաներ կկիրառեն Բելառուսի հանդեպ։ Հետաքրքրական է, որ այս մասին ամերիկյան մամուլում հայտնի է դառնում բելառուսական ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի՝ ամերիկյան այցի ֆոնին։ Ըստ այդմ, նախատեսվում է, որ նոր սանկցիաները կհարվածեն բելառուսական տնտեսության նավթային եւ կալիումային սեկտորներին։

Կարելի է ասել՝ ԱՄՆ-ն որոշել է Ալեքսանդր Լուկաշենկոյին հարվածել գոտկատեղից ներքեւ։ Սա ինչ խոսք հավելյալ պրոբլեմներ է Լուկաշենկոյի վարչախմբի համար, ու նաեւ հավելյալ պրոբլեմներ Ռուսաստանի համար, քանի որ արդեն հասկանալի է, որ Բելառուսի «դարդը քաշում է եւ քաշելու է» Ռուսաստանը։ Ամերիկայի եւ ընդհանուր առմամբ՝ Արեւմուտքի նպատակը մեկն է՝ հասնել Բելառուսում իշխանափոխության։ Լուկաշենկոն անդրդվելիորեն չի զիջում։ Այդ համառությունը ինչ որ առումով հասկանալի է, որ նաեւ հովանավորվում է Մոսկվայի կողմից, քանի որ հակառակ պարագայում Բելառուսը եւս կարող է անցնել Արեւմտյան ուղեծիր, ու Ռուսաստանը կարող է կորցնել իր սակավաթիվ դաշնակիցներից եւս մեկին։

Այս ամբողջ թնջուկը բնականաբար չի կարող չազդել նաեւ Հայաստանի վրա։ Ի վերջո, Բելառուսը գոնե անվանապես Հայաստանի դաշնակիցն է Եվրասիական միությունում եւ ՀԱՊԿ-ում։ Սակայն Բելառուսը երբեւէ իրեն չի պահել որպես դաշնակից, ու հետեւաբար Երեւանը պետք է առանձնապես պարտավորված չլինի ըմբռնողաբար մոտենալու Լուկաշենկոյի ռեժիմի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ի վերջո, մեզ համար առաջնահերթը մեր շահերը պետք է լինեն, քան թե Բելառուսի նախագահի՝ պաշտոնին մնալու մոլուցքին աջակցություն ցուցաբերելը։