Բայդենը ցանկանում է օգնել Կիեւին պահել ՌԴ տար...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամկետի վերջում արեց այն, ինչի մասին երկար ամիսներ խնդրում էր Կիեւը՝ հանեց ATACMS բալիստիկ տակտիկական հրթիռներով հարվածելու արգելքը։ Այս մասին տեղեկացրել են ամերիկյան մի շարք թերթեր եւ հեռուստաընկերություններ՝ հղում կատարելով Բայդենի վարչակազմի անանուն զրուցակիցներին։

Առաջինն այս մասին հայտնել են New York Times եւ Washington Post թերթերը, հետո այս տեղեկությունն ստացել են CNN եւ CBS հեռուստաընկերությունները։

Անանուն զրուցակիցներն ասել են, որ Բայդենն այդ որոշումն ընդունել է ի պատասխան հյուսիսկորեացի զինվորականների ուղարկման Կուրսկի մարզ։

«Մի պաշտոնյա ասել է, որ այդ քայլը մասամբ ուղղված է այն բանին, որ հետ պահեն Փհենյանին նոր զորամասեր ուղարկելուց։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պետք է հասկանա, որ առաջին զորամասերի ուղարկումը սխալ էր, որը թանկ կնստի, ասել է պաշտոնյան»,- գրել է Washington Post-ը։

Մինչ այժմ Վաշինգտոնը թույլտվություն չտալը բացատրում էր նրանով, որ զգուշանում է թեժացումից։ CNN-ի մեկնաբանը նշել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ այլ երկրների կարծիքով, կարող էր պատասխանել, օրինակ, դիվերսիաներով այլ տարածքներում։

Այդ երկյուղները պահպանվում են։ Զրուցակիցներից մեկի խոսքով՝ հենց այդ պատճառով հրթիռների կիրառման հետեւանքները Բայդենի թույլտվությամբ «կլինեն շատ կոնկրետ եւ սահմանափակ»։

«Ես չեմ կարծում, որ դա [թույլտվությունը] վճռական կլինի»,- Բի-բի-սիին ասել է արեւմտյան դիվանագետը Կիեւում, որը ցանկացել է անանուն մնալ։

«Դա խորհրդանշական որոշում է, որպեսզի բարձրացվի Ուկրաինայի ռազմական աջակցության գինը, որը վաղուց պետք էր ընդունել։ Դա կարող է բարձրացնել պատերազմի գինը Ռուսաստանի համար»,- ավելացրել է դիվանագետը։

Ինչպես տեղեկացրել է BBC-ն, Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինային հայտնել է, որ կօգնի նրան պահել ռուսական տարածքի փոքրիկ կտորը, որն այժմ զբաղեցնում է, որպես հաղթաթուղթ հնարավոր բանակցություններում։