ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լավ որոշում է կայացրել՝ թույլ տալով Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ի արտադրության զենքերը ՌԴ տարածքի խորքին հարվածելու համար, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին գրում է Reuters-ը:
Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Մակրոնն ասել է, որ Բայդենի վարչակազմի որոշումը պայմանավորված է Ուկրաինայում հյուսիսկորեացի զինվորների ներգրավմամբ՝ հավելելով, որ դա Ռուսաստանի «էսկալացիոն» որոշում է:
«Դա միանգամայն լավ որոշում է, ես հասկանում եմ, որ դրա պատճառ է դարձել նաև այս հակամարտության խորը փոփոխությունը, որը չպետք է թերագնահատվի, որը Հյուսիսային Կորեայի զորքերի ներգրավումն է Ռուսաստանի կողքին եվրոպական հողի վրա», - ասաց նա լրագրողներին:
Երեկ արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել իր մատակարարած զենքերով հարվածել ՌԴ տարածքի խորքին, սակայն պաշտոնական Վաշինգտոնը տեղեկությունը դեռ չի հաստատել: