Բաշկորտոստանում հազարավոր մարդիկ դատարանի առջ...

Մի քանի հազար մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել Բայմակի դատարանի շենքի առջեւ։ Հունվարի 17-ին դատարանը չորս տարվա ազատազրկման է դատապարտել ակտիվիստ Ֆաիլ Ալսինովին ազգամիջյան պառակտում հրահրելու գործով։ Ալսինովը մեղքը չի ընդունել եւ բողոքարկելու է։

Rusnews-ի համաձայն՝ դատարանի շենքի մոտ հավաքվել է մի քանի հազար մարդ։ Ականատեսները հայտնել են, որ հավաքվածները «Верстка»-ի նշած երեք հազարից շատ ավելին են։

Դատավճռից առաջ ոստիկանները փակել էին Բայմակ տանող ճանապարհը։ Քաղաքում նաեւ փորձել են անջատել ինտերնետը։ Հավաքվածները վանկարկել են «ազատություն» եւ պահանջել, որպեսզի Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը հրաժարական տա։

Դատավճռի հրապարակումից հետո դատարանի շենքի մոտ սկսվել են ձերբակալությունները, տեղեկացրել է «Говорит НеМосква» Թելեգրամ-ալիքի թղթակիցը։ Մի քանի ձերբակալվածների գետնին են տապալել։

Օմոնականները ցուցարարներին ծեծել են մահակներով, նրանց դեմ նետվել են ձնագնդեր, ձեռնոցներ եւ գլխարկներ, իրենց իսկ մահակները։ «Քուշթաու Բայրամ» Թելեգրամ-ալիքը եւ Sota-ն տեղեկացրել են, որ մարդկանց դեմ կիրառել են արցունքաբեր գազ։

Թե քանի մարդ է ձերբակալվել՝ ստույգ հայտնի չէ, տարբեր գնահատականներով՝ ձերբակալվել է 5-ից մի քանի տասնյակ մարդ։ Sota-ի հաղորդմամբ՝ առնվազն երկու մասնակից տուժել է, մեկի դեմքն են ջարդել, մյուսի՝ ոտքը։ Ակտիվիստ Սալավաթ Իդելբաեւին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցում են տվել, ինչից հետո տարել են ԱԴԾ։ Բաշկորտոստանի ՆԳՆ-ում սա առայժմ չեն մեկնաբանել։

Այս ցույցերի ֆոնին Ռուսաստանի մի քանի շրջաններում սկսվել են WhatsApp մեսենջերի աշխատանքի խափանումներ։ «Сбои.рф» պորտալի տեղեկացմամբ՝ խնդիրներն առաջացել են հունվարի 16-ին եւ շարունակվել հաջորդ օրը։ Ամենից շատ դիմումներ ստացվել են Բաշկորտոստանից։ Baza-ն հնարավոր է համարել, որ մեսենջերը կարող էին հատուկ լռեցնել Բայմակի հանրահավաքի պատճառով։