Բարեփոխումներ՝  պետական գույքի օտարման և էլեկ...

Բարեփոխումներ՝ պետական գույքի օտարման և էլեկտրոնային աճուրդների անցկացման գործընթացում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեկտեմբերի 11–ի նիստում հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման ընթացակարգերին։ 

Այդ փոփոխություններն են․ 

  • Էլեկտրոնային աճուրդի տևողությունը ներկայիս 1 աշխատանքային օրվա փոխարեն կդառնա 3 օր, ինչը հնարավորություն կտա հայտեր ներկայացնելու համար ավելի երկար ժամկետ ապահովել։

 Անբարեխիղճ մրցակցության ռիսկերը նվազեցնելու համար՝
- վարձակալության աճուրդների նախավճարը բարձրացվում է մինչև 300%` կախված մեկնարկային արժեքի չափից,
- աճուրդում հաղթած, սակայն արձանագրությունը չստորագրած մասնակիցը զրկվում է նույն լոտի հետագա աճուրդներին մասնակցելու իրավունքից։

  • Լոտերի հայտարարությունների հրապարակման ժամկետները երկարացվում են, որպեսզի պոտենցիալ գնորդները կարողանան առավել լիարժեք ուսումնասիրել գույքը և հայտ ներկայացնել՝

 –շարժական գույքի դեպքում՝ աճուրդի մեկնարկից առնվազն 15 օր առաջ,
- անշարժ գույքի աճուրդի դեպքում՝ առնվազն 45 օր առաջ,
- անշարժ գույքի վաճառքի մրցույթի դեպքում՝ առնվազն 60 օր առաջ։

  • Չկառուցապատված հողամասերի վաճառքի դեպքում պարտադիր կկցվի  քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք։ Վաճառքի հիմք կընդունվի գործող շուկայական արժեքը, ոչ թե շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը։
  •   Շարժական գույք

- առաջին աճուրդը կկազմակերպվի գնահատված արժեքի 100%-ի չափով,
- չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդների մեկնարկային գինը կնվազեցվի 15%-ով՝ առանց ստորին շեմի սահմանման։

  • Անշարժ գույք

- առաջին աճուրդում մեկնարկային գինը կլինի գնահատված շուկայական արժեքի 100%-ի չափով,
- չվաճառվելու դեպքում երկրորդ աճուրդը՝ 85%, երրորդը՝ 70%։

  • Ուղղակի վաճառքի դեպքում գինը սահմանվելու է գնահատված շուկայական արժեքի 100%-ի չափով՝ բացառությամբ կառավարության որոշմամբ սահմանված առանձնահատուկ դեպքերի։

Նշված բարեփոխումների նպատակն է պետական գույքի օտարման և վարձակալության գործընթացներն ավելի բաց և թափանցիկ դարձնելը՝ ապահովելով հասարակության համար վստահելի ու արդար միջավայր։