
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանը և ռազմական իրավունքի և առաջնորդության ամբիոնի պետ Հարություն Մանուկյանը օրերս հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս համայնքների դպրոցների տնօրենների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների և բարձր դասարանների աշակերտների հետ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են մարզպետի տեղակալներ Ջանիկ Բազեյանը, Վահան Զարոյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, նույն վարչության և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։
Հանդիպման նպատակը աշակերտների շրջանում ռազմական գործի և զինվորական ծառայության դերի բարձրացումն ու դպրոցականների մասնագիտական կողմնորոշումն էր:
Բանախոսները ներկայացրել են ակադեմիայի ընդունելության կարգը, գործող պայմանները, ակադեմիայի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները, անդրադարձել ակադեմիայում իրականացված և ընթացիկ բարեփոխումներին, ուսումնական նոր ծրագրերի ներդրման գործընթացին, ինչպես նաև՝ ուսանողներին և շրջանավարտներին հատկացվող առավելություններին:
Հանդիպումների ընթացքում մասնակիցների համար ցուցադրվել են քննարկվող թեմաների վերաբերյալ տեսանյութեր, հետաքրքրող հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։