Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ ադրբեջանական կողմը սպասում է պարզաբանման Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի վերջին ճեպազրույցի ժամանակ արված հայտարարության առնչությամբ։
Հաջիզադեն նշել է, որ վերջին ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականության վերաբերյալ հայտարարությունների, փորձել է հիշատակել Ադրբեջանի նախկին առաջնորդ Հեյդար Ալիևի անունը՝ առանց թեմայի հետ որևէ կապ ունենալու, «ինչն անընդունելի է»։
«Ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը նման համատեքստում հիշատակելը նրա ժառանգության և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի նշան է», – նշել է Հաջիզադեն։
«Նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին։ Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն և պատասխանատվություն, այլ ոչ թե անհիմն հայտարարություններ, որոնք կարող են լարվածություն առաջացնել և խաթարել վստահությունը։ Մենք սպասում ենք ռուսական կողմից պարզաբանման այս հայտարարության առնչությամբ», – հավելել է նա։
Նշենք, որ լրագրողը մեջբերել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հանրապետության մի շարք հոգևորականներ, որոնցից մի քանիսը «ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալներ էին», «փորձում են զոհաբերել Հայաստանի անկախությունը երրորդ երկրների շահերի համար»։ Ինչին ի պատասխան Զախարովան ասել է, որ չի հասկանում՝ ում մասին է խոսում Փաշինյանը, երբ ասում է «ՊԱԿ գործակալներ»՝ Հեյդար Ալիևի՞։



