Մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի պառլամենտների նախագահներ Մուստաֆա Շենթոպի, Սահիբա Գաֆարովայի եւ Ասադ Կայսերի այցը Շուշի։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Բաքվի քարոզչամեքենան ամբողջապես լծվել է այցի լուսաբանումը հակահայկականության սոուսով մատուցելու գործին։ Ինչպես եւ կարելի էր սպասել, Հայաստանը ներկայացվում է ոչ ավել, ոչ պակաս, քան «վանդալիզմ իրականացրած», «բարբարոս» պետություն։ Հատկապես շեշտադրվում է այն, թե իբր հայկական կողմը հատկապես «վանդալիզմ է դրսեւորել Շուշիի մահմեդական ժառանգության հանդեպ»։
Ալիեւյան վարչակարգի հեռահար նպատակները հասկանալի են՝ Հայաստանը դարձնել ատելի պետություն իսլամական աշխարհի հանդեպ, այսինքն՝ պոտենցիալ կերպով Հայաստանի համար նոր թշնամիներ ու նոր հակառակորդներ ստեղծել, թեկուզ եւ տեսականորեն։
Ի վերջո, հայտնի է, որ հակամարտությունները շատ ավելի բարդանում են, երբ դրանց սկսում են կրոնական երանգ հաղորդել։ Ու ցավալին այս ամենում այն է, որ հայկական կողմից պաշտոնապես ոչ մի արձագանք չկա, ոչ մի կերպ չի խոսվում հիմա ադրբեջանական կողմի՝ Ղարաբաղի քրիստոնեական ժառանգության հանդեպ դրսեւորած վանդալիզմի մասին, ինչի ամենավառ օրինակը՝ Ս․ Ղազանչեցոցի ռմբահարումն էր, իսկ հիմա էլ՝ աղճատումը «պատմական նախնական տեսքի բերելու եւ ռեստավրացիայի» անվան ներքո։
Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի այս անմռունչ լռությունը ինչ որ իմաստով նույնիսկ համաձայնության նշան կարող է լինել, որովհետեւ անհասկանալի է, ու որքան էլ մարդը լինի պացիֆիստ չի կարող այս աստիճան կրավորական ու հլու հնազանդ կեցվածքում գտնվել ու առնվազն պետք է գործի մարդկային նվազագույն արժանապատվության զգացումը։



