«Նոր ուժ» կուսակցությունը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափը, իսկ մասնագիտացված ծառայությունները վերադարձնել շրջանառության հարկի ռեժիմ։
«Մենք պատրաստվում ենք շրջանառության հարկը 10 տոկոսից նվազեցնել մինչև 5 տոկոս և մասնագիտացված ծառայությունները վերադարձնել շրջանառության հարկի ռեժիմ։
Հիմա կլինեն մարդիկ, որ կասեն մի րոպե, բա այդքան գումար քիչ է մտնելու բյուջե։ Հավատացնում եմ, որ դա այդպես չի աշխատում. եթե հարկերը փոքրացնում ենք, մարդիկ ավելի շատ են աշխատում, և ավելի մեծ գումարներ են տալիս պետությանը, այսինքն՝ պետությունը ոչ թե պետք է հարկերը բարձրացնի, այլ իջեցնի և թողնի, որ մարդիկ ավելի շատ աշխատեն և ավելի մեծ գումարներ տան պետությանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Հայաստանում 2025 թվականից ուժի մեջ են մտել հարկային օրենսգրքի մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ շրջանառության հարկի դրույքաչափերին վերաբերող փոփոխությունները։
Այդ փոփոխություններով մասնագիտական մի շարք գործունեության տեսակներ, մասնավորապես, իրավաբանական գործունեությունը, հաշվապահական գործունեությունը, կառավարման, խորհրդատվական գործունեությունը, շինարարությունը, անշարժ գույքի հետ կապված գործառնությունները, ճարտարապետություն, ճարտարագիտություն, գովազդային գործունեություն, շուկայի հետազոտություն և այլն, շրջանառության հարկի հարկման դաշտից տեղափոխվել են ավելացված արժեքի հարկման դաշտ։ Ընդունված փոփոխություններով առևտրային գործունեության համար շրջանառության հարկի դրույքաչափը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս։ Սահմանվել են նաև շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման առանձնահատկություններն՝ ըստ գործունեության տեսակների։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի կունենան խորհրդարանական հերթական ընտրությունները։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 կուսակցություն և 17 դաշինք։
«Նոր ուժ» կուսակցությունը հայտարարել է, որ իր նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են՝ եվրոպական ինտեգրացիան որպես արտաքին քաղաքականության և զարգացման առաջնահերթություն, օնլայն խաղատների և շահումով խաղերի արգելումը, բազմազավակ ընտանիքների համար արտոնությունների տրամադրումը, անվճար բարձրագույն կրթության ապահովումը, հարկային բեռի թեթևացումը, կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետի վերացումը և ազգային արժեքներին վերադարձը։
«Նոր ուժ» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար ԿԸՀ է ներկայացրել 86 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։



