Բաքուն հաստատում է, որ «միջոցներ է ձեռնարկել»...

Ադրբեջանական բանակը «անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել»՝ Լաչինի միջանցքից հյուսիս գտնվող հողային ճանապարհը վերահսկելու համար, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ չհստակեցնելով, թե ինչ միջոցների մասին է խոսքը։

Իր հայտարարության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ իբր «վերջին օրերին ինտենսիվ բնույթ են ստացել Հայաստանից ապօրինի հայկական զինված կազմավորումների համար կենդանի ուժի, զինամթերքի, ականների եւ ռազմական նշանակության այլ միջոցների տեղափոխումը Ադրբեջանի տարածքում»։

Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ «այդ փոխադրումները կատարվում են հատկապես գիշերը եւ մառախլապատ եղանակին»։

«Անօրինական հայկական զինված կազմավորումները լեռնային եւ հողային տարածքներով անցնող մի քանի երթուղիներով նոր ճանապարհներ գցելու, ինչպես նաեւ հին ուղիների ընդլայնման աշխատանքներ են կատարում: Այդ նպատակների համար օգտագործվում է ռազմական, ինժեներական եւ հատուկ տեխնիկա, իսկ որպես աշխատուժ՝ պայմանագրով զինծառայություն անցնող անձինք եւ տեղի բնակիչները»,- հաստատում է Ադրբեջանի ՊՆ-ն։