Հայաստանում վարկերի տոկոսադրույքները բարձր չեն, եթե համեմատենք շատ երկրների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 7-ին ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
Նա նշել է, որ պետք է հաշվի առնել ԿԲ հաստատած վերաֆինանսավորման դրույքը, մարժան եւ այլ չափորոշիչներ։
Բանկերի միության ղեկավարը վստահություն է հայտնել, որ մրցակցությունը կարգավորում է վարկերի տոկոսադրույքը։ «Մեր բանկային համակարգը շատ մրցունակ է, բայց եթե մի ինչ-որ ապրանքի կամ ծառայության պահանջարկը բարձր է, դա նշանակում է, որ գինը չպետք է ընկնի»,- նշել է նա։
Ազատյանը նշել է, որ վերջին 2-3 տարիներին տոկոսադրույքները բարձրացել են՝ ավելացնելով, որ ներկա պահին նկատվում է նվազման միտում։
Նա տեղեկացրել է, որ վիճահարույց վարկերի բաժինը վերջին տարիներին կրճատվել է։ «Եթե նախկինում նման վարկերի բաժինը (չաշխատող վարկերի) կազմում էր 5-6 տոկոս, այժմ կազմում է 1-2 տոկոս»,- նշել է Դանիել Ազատյանը։