Բանակցային փաստաթղթերում երբեք չի կոնկրետացվել Լաչինի միջանցքի լայնությունը եւ օգտագործման իրավական նրբությունները՝ այդ հարցերը թողնելով հետագա բանակցություններին: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բացառություն է Կազանյան փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ միջանցքը մնում է ԼՂ իշխանությունների վերահսկողության ներքո, բայց լայնություն եւ այլ մանրամասների մասին ոչինչ չի ասվում: Կարեւոր է արձանագրել, որ նույն Մադրիդյան սկզբունքներում ընդգծվում է նաեւ Ադրբեջանի ուղիղ եւ անարգել ցամաքային կապը Նախիջեւանի հետ:
Իսկ ինչու Ադրբեջանը մտավ կազանյան գործընթացի մեջ, մադրիդյան սկզբունքներից հետո առարկայորեն քննարկելու ԼՂ միջանկյալ կարգավիճակը, որը կարող էր ընունելի լինել հայկական կողմի համար: Իմ համոզմունքը հետեւյալն է. դա արեց, որ ցեմենտի, ամրագրի մադրիդյան սկզբունքներում առկա այն բովանդակությունը, ըստ որի ԼՂ կարգավիճակի հետ կապված նախկին գործողությունները՝ 1989-ի դեկտեմբերի 1-ի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին համատեղ որոշումը եւ 1991-ի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները դիվանագիտական, քաղաքական եւ միջազգային առումներով զրոյանում են: Այդ առարկայական բանակցությունները նրա համար էին, որ Հայաստանը մադրիդյան այդ սկզբունքներից նահանջելու շանս չունենա, եւ կազանյան տապալումը հենց այդ էֆեկտը տվեց»,-ասաց նա:
Նշենք, որ 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը կշարունակվի հունիսի 27-ին: Նիկոլ Փաշինյանն այդ օրը կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին:



